Կամավորության պատմությունը
Կամավորության ծագման և կայունացման պատմությունը
«Կամավոր» եզրը լատիներեն «voluntarius» բառի բառացի թարգմանությունն է: Այն նույն
իմաստով կիրառվում է նաև անգլերենում՝ voluntееr,
ֆրանսերենում՝ volontaire և ռուսերենում՝ волонтер[1]: Նկատենք, որ թեև ներկայում «կամավոր» արտահայտությունն
առավելապես կիրառվում է հասարակական ծառայությունների մատուցման ոլորտում, ու արձանագրված է, որ ոչ զինվորական իմաստով եզրն առաջին անգամ
կիրառվել է 1630 թվականին, սակայն աղբյուրները փաստում են, որ սկզբնական շրջանում կամավորները բացառապես զինվորականներ էին, ովքեր
ինքնակամ (ոչ որպես զորակոչիկ) ծառայության էին անցնում՝ կազմակերպելու հայրենիքի
պաշտպանությունը[2]:
Այսպես, միջին դարերում որոշ պետություններում
կամավորության համակարգը բանակ ձևավորելու հիմնական միջոցն էր: Իսկ 18-19-րդ
դարերում Ավստրո-Հունգարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում գոյություն ունեին
կամավորական առանձին ջոկատներ, որոնք մտնում էին բանակի մշտական կազմի մեջ: Կամավորական սկզբունքը մինչ Առաջին
աշխարհամարտի վերջ՝ 1918 թվական, բանակի համալրման միակ միջոցն էր նաև Մեծ
Բրիտանիայում[3]:
Կամավորական շարժման սկիզբը պաշտոնապես համարվում է 1859 թվականը: Ինչո՞ւ: Որովհետև...
1859 թվականին ահեղ ճակատամարտ տեղի ունեցավ Իտալիայի հյուսիսում ավստրիական և ֆրանկո – իտալական բանակների միջև: Տասնվեցժամյա մարտից հետո կողմերը տվել էին ավելի քան քառասուն հազար զոհեր ու անհամար վիրավորներ: Այդ ժամանակ շվեցարացի գործարար Հենրի Դունանթը գործնական հարցերով մեկնել էր այդ կողմերը: Նա ցնցված էր` տեսնելով մարդկանց տառապանքները: Բնակիչների հետ նա շտապ օգնություն է կազմակերպում` դարմանելով բոլորի վերքերը` առանց խտրականության: Մարդիկ, որոնք նրա հետ աշխատում էին, վարվում էին նույն կերպ: Վերադառնալով Շվեցարիա` նա գրում է «Հուշեր Սոլֆերինոյի մասին» աշխատությունը, որտեղ առաջարկում էր ստեղծել պատերազմի ժամանակ վիրավորների առաջին օգնության ընկերակցություններ: Դունանթն իր գրքով դիմում է ընկերներին, բոլոր պետական և քաղաքական գործիչներին` խորհելու այդ մասին: Նրա աշխատությունը մեծ հաջողություն է ունենում, և 1863 թվականին ստեղծում է բարեգործական հարցերով զբաղվող ու նման աշխատանքները համակարգող մի հանձնաժողով, որը հետագայում անվանվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտե[4]: Կարմիր խաչի տարբերանշանը և առաջին Ժնևյան կոնվերցիան ընդունվում են 1864 թվականին[5]:
Նշենք, որ Կարմիր խաչի մարդասիրական առաքելությունը Հայաստանում գործունեություն է ծավալել 1877-ից, երբ էրիվանի նահանգում հիմնվեցին Ֆիննական կարմիր խաչի հոսպիտալներ: Իսկ 1896-ին Ամերիկյան կարմիր խաչի կամավոր Կլարա Բարտոնը նշանակալի օգնություն է ցուցաբերել Համիդյան ջարդերի ժամանակ աղետի մատնված թուրքահպատակ հայ բնակչությանը[6]:
Կարելի է ասել, որ հասարակական ոլորտում կամավորության բուռն վերելքը սկսվեց հենց այս կազմակերպության հիմնադրմամբ:
Մի հետաքրքիր հանգամանք, որ ակնհայտ է դառնում դաշտն ուսումնասիրելիս. կամավորության ինստիտուտն սկսում է առավել արագ զարգանալ պատմության հատկապես տագնապային ժամանահատվածներում...
19-րդ, դարում, օրինակ, կամավորության զարգացման համար պարարտ հող էինԱմերիկայում զարգացող իրադարձությունները, երբ սկսվեց ստրկության ու չքավորության դեմ հասարակական պայքարը: Երիտասարդներն իրենց համայնքներում սկսեցին օժանդակել կարիքավորներին։ 1851 թվականին Միացյալ Նահանգներում ստեղծվեց առաջին YMCA-ը (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա): Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում կանայք իրենց ազատ ժամանակը տրամադրում էին զինվորների հագուստները կարկատելուն: Բուռն գործունեություն էր ծավալում նաև Կլարա Բարտոնի «Ռազմի դաշտի հրեշտակները» խումբը, որը, կրկին կամավորական հիմունքներով, օգնում էր զինծառայողներին։ 1881 թվականին Բարտոնը հիմնեց Ամերիկյան Կարմիր Խաչը և սկսեց հավաքագրել կամավորներ՝ աղետներից, այդ թվում 1889 թվականի ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Նման օրհասական շրջանում էր նաև 20-րդ դարասկիզբը, երբ մարդկությունն առաջին անգամ զգաց համաշխարհային պատերազմի ողջ ահավորությունը: 1920 թվականին է ստեղծվեց կամավորական ևս մեկ խոշոր կազմակերպություն՝ Service Civil International-ը (SCI), որի նպատակն էր վերացնել այն բուռն ատելությունը, որը սերմանվել էր Առաջին աշխարահամարտի տարիներին, և խաղաղություն քարոզել ամենուր[7]:
Կարելի է ասել, որ SCI-ը դարձավ գաղափարական վերածննդի սկիզբ, որի օրինակով 1920-1930-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ տեղական, տարածաշրջանային ու միջազգային բարեգործական-կամավորական կազմակերություններ:
Կամավորության զարթոնքի հաջորդ փուլի սկիզբն համընկավ արդեն Երկրորդ աշխարհամարտի ավարտին: Այս անգամ թեև առավել շատ էին ավերածությունները, կարիքավորներն ու անհամեմատ մեծ էր անհրաժեշտ աշխատանքների ծավալները, բայց դրանք ավելի հեշտ ու արագ էին կազմակերպվում, քանի որ արդեն առկա էին համապատասխան կազմակերպություններ ու ինստիտուտներ, որոնցից հատկապես մեծ դեր էր խաղում 1945-ին ստեղծված ՄԱԿ-ը, որն իրհովանու տակ էր առել ու համակարգում էր կամավորական գործունեություն ծավալող կազմակերությունների աշխատանքները: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում երիտասարդ կամավորները մեծ դեր են ունեցել Եվրոպայի վերաստեղծման մեջ: Կամավորների շնորհիվ են վերակառուցվել Վարշավայի կենտրոնը, Արևմտյան Եվրոպայի քանդած քաղաքները, Bratsvo-Edinstvo (Եղբայրություն-Միասնություն) ավտոմայրուղին և այլն:
Նկատենք, որ վերոնշյալ աշխատանքները կատարվել են Արևմուտք-ԽՍՀՄ հարաբերությունների լարման ամենախիստ ժամանակահատվածում, երբ Սառը պատերազմը թեևակոխել էր հասարակական գրեթե բոլոր բոլորտները: Ելնելով այն մտավախությունից, որ կամավորներին կարող են օգտագործել քաղաքական նպատակներով ու խախտել այս շարժման հիմնաքայարային սկզբունքներից մեկը՝ խաղաղության տարածումը՝ կամավորական խմբերը և կազմակերպությունները 1960-ականների սկզբից սկսեցին բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնել իրենց ապաքաղաքական լինելու մասին:
Կամավորական շարժման զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցավ 1971 թվականին ՄԱԿի Գլխավոր վեհաժողովի կողմից «Տեխնիկական համագործակցություն հանուն զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնադրված «ՄԱԿ-ի կամավորներ» կազմակերությունը[8](ՄԱԿԿ), որն աջակցում է խաղաղության պահպանմանն ու զարգացմանը` խթանելով կամավորների ճանաչումը, մոբիլիզացնելով նրանց աճող թվաքանակը` ներառյալ ՄԱԿի փորձառու կամավորներին ամբողջ աշխարհում: ՄԱԿԿն կամավորությունը բնութագրում է որպես համընդհանուր և ընդգրկուն հասկացություն` ընդունելով այն իր բոլոր դրսևորումներով, ինչպես նաև ընդունելով այն արժեքները, որոնք ներառում է կամավորությունը` ազատ կամք, պատասխանատվություն, ներգրավվածություն: Այսօր ՄԱԿԿի գլխավոր գրասենյակը տեղակայված է Բոննում` Գերմանիայում և ղեկավարվում է ՄԱԿի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հավելենք, որ ՄԱԿԿն Հայաստանում է 2008ի օգոստոսից` ՄԱԿ-իԶարգացմանծրագրի(ՄԱԶԾ) առաջարկով և գործում է ՄԱԶԾի գրասենյակում[9]:
Նշենք նաև, որ Կամավորների միջազգային օրը, որը հռչակել է ՄԱԿ-ը 1985 թ. դեկտեմբերի 17-ին, նշվում է դեկտեմբերի 5-ին:
Միջազգային կամավորական միություններ
UNV (United Nations Volunteers)
SCI (Service Civil International)
ICYE (International Cultural Youth Exchange)
Alliance (Alliance of European Voluntary Service
[1]История волонтерского движения, Центр немецкой культуры «Widerstrahl»
http://www.widerstrahl.org/index.php?option=com_content&view=article&id=255&Itemid=261, հղվել է 31.01.16-ին
[2]«Etymology:VOLUNTEER»։ Online Etymology Dictionary, http://www.etymonline.com/index.php?term=volunteer, հղվել է 31.01.16-ին
[3]Волонтёры. Как всё начиналось?, MoeObrazovanie.ru, http://moeobrazovanie.ru/istoriya_volonterstva.html հղվել է 31.01.16-ին
[4]From the battle of Solferino to the eve of the First World War, International Committee of the Red Cross,https://www.icrc.org/eng/resources/documents/misc/57jnvp.htm, հղվել է 31.01.16-ին
[5]The ICRC and the Geneva Convention (1863-1864), International Committee of the Red Cross, https://www.icrc.org/eng/resources/documents/misc/57jnvt.htm, հղվել է 31.01.16-ին
[6] Կազմաերպության հայաստանյան ոդիսականին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության պատմությունը, Armenian Red Cross Society, http://www.redcross.am/hy/whoweare/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/2/28, հղվել է 31.01.16-ին
[7] Our history, SCI International, http://www.sci.ngo/learn-about-sci/155, հղվել է 31.01.16-ին
[8] United Nations Volunteers-ի գործունեությունը շարունակվում է մինչ օրս: Մանրամասների մասին կարդացե՛ք այստեղ՝ UN Volunteers, (UNV), http://www.unv.org/, հղվել է 31.01.16-ին
[9] First International Volunteer Day for UNV in Armenia, UN Volunteers, (UNV), http://www.unv.org/en/what-we-do/countries/armenia/doc/first-international-volunteer-day.html, հղվել է 31.01.16-ին